ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, ՈՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԼՈՒԾԵԼ

ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, ՈՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԼՈՒԾԵԼ
16.10.2009 | 00:00

Ինչպես և սպասելի էր, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալվող գործընթացները Հայաստանի քաղաքական դաշտն աստիճանաբար, բայց անշեղ տարաբաժանեցին մի քանի հատվածների։ Այժմ, այդ գործընթացի նկատմամբ ձևավորված դիրքորոշումներից ելնելով, կարելի է արձանագրել 3 հիմնական բևեռների առկայությունը, որոնք որոշակի հակադրության մեջ են միմյանց հետ։
Առաջին բևեռն իշխանությունն է և նրան սատարող քաղաքական ուժերը, բոլոր նրանք, ովքեր կողմ էին հանդես գալիս օգոստոսի 31-ին նախաստորագրված, իսկ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններով նախատեսված ձևաչափով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս հարցն իշխանության համար իսկապես սահմանագծային կամ ջրբաժանի նշանակություն ունեցավ, որը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ բացասական նրբերանգներ։ Ըստ էության, իշխանությունից զատվեցին բոլոր նրանք, ովքեր դեմ են գործող նախագահի իրականացրած արտաքին և ներքին քաղաքական կուրսին, և մնացին նրանք, ովքեր հետագայում այս կամ այն ձևաչափով կարող են կազմել իշխանության հենարանը։
Երկրորդ բևեռում, փաստորեն, համախմբված են մնում Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում իրենց գործունեությունը շարունակող ուժերը։ Թեպետ վերջին երկու տարիներին ընթացող քաղաքական զարգացումների բերումով ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններն արմատական ընդդիմություն են դարձել իշխանությանը, և դա պայմանավորված է ամենից առաջ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում ու դրանից հետո ծավալված զարգացումներով, այնուհանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը շարունակեցին շատ յուրօրինակ պահվածք դրսևորել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացում։ ՀԱԿ-ը գործնականում չդատապարտեց իշխանության քաղաքականությունն այդ ուղղությամբ, բացի զուտ ձևական բնույթ կրող առանձին անհատական հայտարարություններից։ Ավելին՝ կոնգրեսի պաշտոնական հայտարարության մեջ ամրագրվեց, որ ՀԱԿ-ը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլերը։ Արմատական ընդդիմության այս պահվածքը, ինչպես առիթ ենք ունեցել նախկինում ստուգելու, ունի երկու շարժառիթ։ Առաջինն այն, որ ընդդիմությունը հուսով էր, թե իշխանությունը, ի վերջո, «կքաշվի» հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված այս ողջ գործընթացում, ինչը կհանգեցնի նրա նկատմամբ արտաքին հզոր ճնշման մեծացման, և դա անհրաժեշտ հիմքեր կստեղծի արմատական ընդդիմության այնքան կարևորած իշխանափոխության իրագործման համար։ Կար և երկրորդ շարժառիթը, և այժմ, շատերի համոզմամբ, ՀԱԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է արևմտյան ուժային կենտրոնների, հատկապես ԱՄՆ-ի, հայ-թուրքական հարաբերություններում դրսևորած քաղաքականությամբ։ Այլ կերպ ասած, ընդդիմության այս հատվածը որոշակիորեն ուղղորդվում է արտաքին դաշտից։
Երրորդ բևեռի ձևավորումը, փաստորեն, ընթացավ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ իշխանության որդեգրած դիրքորոշումների վերջնական հստակեցմանը զուգահեռ։ Արձանագրությունների նախաստորագրումից հետո անցած մի քանի շաբաթվա քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունը հաստատակամ է` շարունակելու այդ ուղեգիծը, և անկասկած էր, որ հոկտեմբերի 10-ին արձանագրությունները կստորագրվեն, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի։ Ֆորս մաժոր, ինչպես և սպասելի էր, տեղի չունեցավ, որովհետև ստորագրման գործընթացում առաջացած որոշակի խոչընդոտները բավականին արագ «հարթվեցին» գերտերությունների գործադրած ճնշման հետևանքով։ Ստորագրման հեռանկարը նկատի ունենալով՝ արդեն դաշնակցությունը նախաձեռնեց 12 կուսակցությունների հայտարարության ստորագրումը և դրանով իսկ հիմք դրեց քաղաքական դաշտում երրորդ, իսկ ընդդիմադիր դաշտում՝ երկրորդ բևեռի ձևավորմանը։ Այս միավորման մեջ, փաստորեն, համախմբվել են այն քաղաքական ուժերը, որոնք անցած 1,5 տարվա ընթացքում չեն առանձնացել արմատական ընդդիմադիր դիրքորոշմամբ և, իշխանություններից ունեցած իրենց բոլոր դժգոհություններով հանդերձ, ժամանակին չմիացան Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ավելին, բավականին կոշտ քննադատական կեցվածք դրսևորեցին ՀԱԿ-ի նկատմամբ, ինչը, ի դեպ, փոխադարձ էր։ Սակայն հիմա ստեղծվել է նոր իրադրություն, որն արդեն զարգանալու է հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր վավերացման կամ չվավերացման գործընթացի շրջանակներում։
Հարկ է նշել, որ արձանագրությունների վավերացման հետ կապված՝ Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր դիրքորոշումը որևէ մեկի մեջ կասկած չի հարուցում։ Ինչպես քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, այնպես էլ փորձագետները խորապես համոզված են, որ գործող նախագահը լիովին վերահսկում է խորհրդարանը, և այդ իմաստով վավերացման հետ կապված պրոբլեմներ առաջանալ չեն կարող։ Հանրապետականներն էլ արձանագրությունների նախաստորագրումից հետո այնքան միահամուռ ոգևորությամբ սկսեցին պաշտպանել դրանք, որ իշխող մեծամասնության դիրքորոշման հետ կապված որևէ կասկած լինել չի կարող. Հայաստանի Ազգային ժողովը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, եթե նույն գործընթացը հաջողությամբ ավարտվի Թուրքիայի խորհրդարանում։ Մինչդեռ այս առումով է, որ որոշակի կասկածներ կան։ Այլ կերպ ասած, ընդդիմության երկու թևերի հետագա գործողությունները պայմանավորված են լինելու Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների նկատմամբ դրսևորված դիրքորոշմամբ։
Եթե արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանը, այնուհանդերձ, վավերացնի, և սկսվի դրանց գործադրման փուլը, Հայաստանի ներսում հիմնական ընդդիմադիր ակտիվությունը կդրսևորվի 12-ի հայտարարությանը մասնակից կուսակցությունների կողմից՝ դաշնակցության գլխավորությամբ։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առանձին առիթներով արդեն ակնարկել են, որ արձանագրությունների վավերացման դեպքում, եթե խնդիրը մնա ՀՀ խորհրդարանի դիրքորոշման վերջնական ճշգրտմանը, ՀՅԴ-ն և իրեն աջակից ուժերը տապալելու են վավերացումը, իսկ չհաջողելու դեպքում` իրենց առաջ դնելու են համալիր իշխանափոխության խնդիր, ընդհուպ մինչև գործող նախագահի հրաժարականի պահանջը։ Սա, անշուշտ, դիրքորոշման էական փոփոխություն է, եթե նկատի ունենանք, որ մինչ օրս ՀՅԴ-ն գրեթե բացառում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ հնչեցնելու հնարավորությունը, պնդելով, թե իր անհամաձայնությունը հիմնականում իշխանության արտաքին քաղաքականությամբ է պայմանավորված, և եթե գործող նախագահն ընտրած ուղեգծից շրջադարձ կատարի, իրենք միանգամայն կբավարարվեն պաշտոնից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռացմամբ։ Հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացումը դաշնակցությանը և նրա հետ հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերի առնվազն մի մասին կվերածի իշխանության նկատմամբ արմատական ընդդիմության։ Եվ ճիշտ հակառակը, արձանագրությունների վավերացման տապալման դեպքում քաղաքական դաշտի այս բևեռի ակտիվությունն աստիճանաբար կմարի։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինիս քաղաքականությունն այս փուլում կարծես սահմանափակվում է գործընթացներին հետևելով։ Սակայն կան հիմնավոր կանխատեսումներ, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվությունն ավելի հավանական է հենց արձանագրությունների վավերացման ու դրանցով սահմանված ժամանակացույցը գործի դրվելու պարագայում։ Արձանագրությունների վավերացման տապալումը Թուրքիայի կամ, որքան էլ անհավանական է, Հայաստանի խորհրդարանում չի բխում Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների քաղաքական շահերից, քանզի դա կնշանակի ընդդիմության մյուս թևի կամ նրա որդեգրած քաղաքական գծի հաջողություն։ Այդ պայմաններում ՀԱԿ-ը գործնականում ասելիք չի ունենա, որովհետև անցած ողջ ժամանակահատվածում գործնականում դեմ հանդես չի եկել արձանագրությունների ստորագրմանն ու վավերացմանը։ Բայց եթե դրանք ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում հալած յուղի պես «հորով-մորով արվեն», Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի համար բացվելու է գործունեության նոր հեռանկար։ Այն է՝ արտաքին ուժերին ցույց տալ և ապացուցել, որ իշխանությունները թեպետ ստանձնել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արտաքին հանձնարարականը, բայց վատ են կատարում այն։ Կան մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնք ավելի լավ կիրագործեն այդ ծրագիրը, և այդ դեպքում է, որ կոնգրեսի ակտիվությունը քաղաքական գործընթացներում կվերականգնվի։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ ընդդիմության երկու, պայմանական բաժանումով «լիբերալ» ու «ազգայնական» բևեռները հազիվ թե երբևէ միավորվեն ընդհանուր նպատակի՝ իշխանափոխության շուրջ։ Որովհետև նրանց իշխանափոխության մղող հնարավոր շարժառիթները ոչ միայն խիստ տարբեր են, այլև ուղղակի իրարամերժ։ Իշխանությունն այս մասով, թերևս, կարող է հանգիստ ու վստահ լինել, որ ընդդիմության երկու հատվածների միավորում տեղի չի ունենա։ Այլ հարց է, թե հետագա գործընթացներում նույն իշխանությունն ինչպես է կառուցելու իր հարաբերություններն այդ երկու բևեռներից յուրաքանչյուրի հետ, որովհետև, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից բացի, կա նաև ղարաբաղյան բանակցային գործընթաց։ Եվ եթե հայ-թուրքական պրոցեսում իշխանություններին բացարձակապես ցանկալի չէին ծայրահեղ ընդդիմադիր դրսևորումները, որովհետև ցանկություն կար արտաքին միջնորդներին ցույց տալու, թե Հայաստանի հասարակությունը մեծամասնության մեջ միակամ է ու եղբայրաբար իր գիրկն է բացել հարևան Թուրքիայի առջև՝ անցյալը մոռացության տալու նպատակով, ապա ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավիճակը բոլորովին այլ է։ Այստեղ իշխանությունն ունի կարգավորման աննպաստ նախագծերի դեմ հանդես եկող ուժեղ ընդդիմության կարիք, որպեսզի կարողանա նրա վրա հենվելով մեղմել հնարավոր արտաքին ճնշումները։ Որոնք, ի դեպ, կարող են դրսևորվել արդեն Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Պատահական չէ, որ Անկարայում օրումեջ հայտարարում են հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորված լինելու մասին։ Բայց ընդդիմության երկու բևեռներից ո՞ր մեկը հայ-թուրքական այս շիլափլավից հետո կհամաձայնի իշխանության հետ կառուցողական հարթության մեջ աշխատել հանուն Ղարաբաղի։ Այ սա ոչ թե երկու, այլ բազմաթիվ անհայտներով մաթեմատիկական հավասարում է, որն իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է փորձի լուծել։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ